
Արմինֆո. Քաղբանտարկյալները չեն լինում "ձերը" կամ "մերը", և, անկախ նրանց դիրքորոշումից, նրանց իրավունքների համար պետք է պայքարեն բոլորը։ Այդ մասին հունվարի 23-ին Հայաստանում քաղբանտարկյալների հարցով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա ընդգծել է, որ քաղբանտարկյալների խնդրում ամենակարևորն է՝ հասկանալ, թե ինչ կարելի է անել նրանց իրավունքների պաշտպանության հարցում: "Նրանք բոլորը ճաղերի հետևում են հայտնվել Հայաստանում խոսքի ազատության համար պայքարում։ Սա հենց այն միտքն է, որը պետք է հասկանան բոլորը․ նրանք պայքարում են Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքների համար", - ընդգծել է Մամիջանյանը։
Ընդ որում, նա նշել է, որ երկրի ներսում արձագանքից և գործողություններից բացի, իրենք ակնկալում են նաև համապատասխան և լիարժեք արձագանք միջազգային կառույցներից: Այդ առնչությամբ նա հիշեցրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ), կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) հնչեցրած դիրքորոշումը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ՝ լրագրության պաշտպանության աջակցության հարթակի արձագանքը "Իմնեմնիմի" հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորմանը: Սակայն ընդդիմադիրն այդ հայտարարություններն անբավարար է համարել՝ այն բռնաճնշումների համատեքստում, որոնք իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից։
"Այո, արձագանք կա, բայց այն տարբեր պարամետրերով բավարար չէ ։ Ընդունելի կլիներ, եթե միջազգային գործընկերները, ներառյալ այն դեսպանները, որոնք հրապարակավ արտահայտվում են ժողովրդավարության հարցերով, մասնակցեին դատավարություններին կամ, գոնե, այցելեին քաղբանտարկյալներին։ Դա ճիշտ կլիներ՝ մարդասիրության դիրքերից", - եզրափակել է Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱԺ նիստի ժամանակ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ Հայաստանում այսօր արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ կա: Նրանցից շատերը կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով՝ գործող իշխանությունների կողմից հարձակման ենթարկվող Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) պաշտպանությանն ուղղված իրենց դիրքորոշման, ինչպես նաեւ կառավարող ռեժիմի ընտրած քաղաքական գիծը քննադատելու համար։
Հավելենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հայկական կողմի առաջարկով բանաձև է ընդունել, որով հաստատել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը: Ինչպես այն ժամանակ նշում էր Մամիջանյանը, բանաձևում անվանապես հիշատակվում էր նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցը, որի խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի և վարչական հսկողության՝ 2025 թվականի օգոստոսի 1-ին։