
Արմինֆո.Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն անտեսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Իհարկե, Թրամփի հետ նստելն ու լուսանկարվելը (ըստ արարողակարգի՝ այբբենական կարգով, ընդունող կողմը՝ մեջտեղում) կարևոր է ներքին PR-ի համար, քանի որ քողարկում է Դավոսում Թրամփի հետ երկկողմ հանդիպում չունենալու փաստը:
Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ։ Սովորաբար ԱՄՆ-ն պարիտետը փորձում է միշտ պահել:
Ընդ որում, Թրամփն ու Ալիևը քննարկում էին «TRIPP» նախաձեռնությունը: Ի դեպ Թրամփը Դավոսում ունեցել է միայն երկու երկկողմ հանդիպում՝ Ալիևի և Զելենսկու հետ (չհաշված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին)», - գրել է փորձագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցել է Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը։
Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։
Հիշենենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: