
Արմինֆո. Հայ Առաքելական Եկեղեցին երկու հայց է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի (Հայր Արամի) դեմ ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու, ինչպես նաև իրեն հատկացված բնակարանի բանալիները: Այդ մասին հայտնի է դարձել "Դատալեքս" դատական տեղեկատվական համակարգից։
Մասնավորապես, առաջին հայցադիմումում Հայ Առաքելական Եկեղեցին պահանջում է, որպեսզի դատարանն արգելի կարգալույծ քահանայի մուտքը Հովհաննավանք եկեղեցու հետևյալ հատվածներ ՝ Սուրբ խորան, պահոց և դատաստան: Դատարանը նաև պետք է պարտավորեցնի Ստեփան Արտակի Ասատրյանին վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցու բանալիները, որը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Երկրորդ հայցով ՀԱԵ-ն պահանջում է Ստեփան Ասատրյանին պարտավորեցնել վերադարձնել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 54/3 հասցեում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող բնակարանը (ներառյալ բնակարանի բանալիները)՝ Ասատրյանին (նրա հետ բնակվող անձանց) վտարելով նշված բնակարանից:
ՀԱԵ-ն նաև պահանջում է Ստեփան Արտակի Ասատրյանից բռնագանձել դատական ծախսերը, ներառյալ պետական հարկի կանխավճարով վճարված գումարը՝ հօգուտ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Հովհաննավանք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամը առաջինն էր դեմ արտահայտվել Գարեգին Բ կաթողիկոսին և միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի "եկեղեցական բարեփոխումներին": Ասատրյանը նախորդ տարվա հոկտեմբերի 21-ին Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրիննությամբ կարգալույծ էր հռչակվել՝ Հայ Առաքելական Եկեղեցին վարկաբեկելու համար: Ի պաշտպանություն կարգալույծ քահանայի հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամները ներկա են գտնվել պատարագին, որը մատուցել էր կարգալույծ Ստեփան Ասատրյանը: Եվ ամեն անգամ վաղ առավոտից ոստիկանության ուժերի կուտակումներ էին նկատվում Օհանավան գյուղում, իսկ վանքի տարածքը հսկում էին անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ:
Նշենք, որ հենց կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկինում ՝ հայր Արամ) դիմումի համաձայն են կալանաավորվել Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահայր Գարեգին Արսենյանը:
Այդուհանդերձ, Ստեփան Ասատրյանը շարունակում է մնալ եկեղեցում, կատարել ժամերգություններ և կրոնական ծեսեր: Արագածոտնի թեմը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով այն մասին, որ Ասատրյանի գործողություններն անօրինական են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց էր ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ վիճարկելով իրեն Մասիացոտն թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու Գարեկին Բ-ի տնօրիննությունը: Դատարանը՝ նախագահությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Էդգար Հովհաննիսյանի, հայցի պաշտպանության համար միջանկյալ միջոցներ է կիրառել այն քննության առնելու հաջորդ օրը ՝ եպիսկոպոսին իր պաշտոնում վերականգնելով մինչև վերջնական դատական որոշումը: