


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ի ցույց դրեց իշխող վարչախմբի հավերժ կառավարելու ցանկությունը: Այդ մասին ասվում է «Նոր ժամանակներ» կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ նոր սահմանադրությունը, իրականում. չի լուծում Հայաստանի առաջ ծառացած բարդագույն խնդիրները, Հայաստանի բնակչության գերակշիռ մասը լիովին կորցրել է վստահությունը իշխանության մարմինների կողմից առաջ քաշվող, ծրագրերի, գաղափարների, կամ կատարվող քայլերի նկատմամբ, հանրաքվեն անցել է բազմաթիվ ու բազմաբնույթ խախտումներով եւ ընտրակեղծիքներով:
«Ելնելով վերոգրյալից ՆԺԿ 8-րդ համագումարը հայտարարում է.
ա/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չդարձավ ազգային միասնության գործընթաց, այն չավելացրեց վստահությունը իշխող վարչախմբի նկատմամբ, այլ նոր բաժանարար գծեր բերեց հասարակության ներսում, որն էլ ավելի կարմատականացնի զարգացող ներքաղաքական պրոցեսները, բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ էին եւ բերելու են բազում անցանկալի հետեւանքների», - ասեվում է ՆԺԿ հայտարարությունում:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում հրապարակել է դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 566 հազար 998 քաղաքացիների 50.74 տոկոսը։ Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների 63.37 տոկոսը, «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670, նշել են ԿԸՀ-ում:



