
Արմինֆո."Իմնեմնիմի" փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին վերադարձրել են "Արմավիր" ՔԿՀ, ինչը, փաստորեն, նշանակում է, որ նա շարունակելու է իր հացադուլը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշել է, որ առավոտից Սամսոնյանը գտնվում էր "Իզմիրլյան" բժշկական կենտրոնում։ Փաստաբանը հիշեցրել է, որ դեկտեմբերին Սամսոնյանին պետք է վիրահատեին հենց այդ բուժհաստատությունում, սակայն վիրահատությունը տեղի չի ունեցել, նախ, հաղորդավարի կալանավորման, ապա՝ նրա առողջության վատթարացման պատճառով:
"Սամսոնյանը հրաժարվել է բժշկական օգնությունից, քանի որ նրան հնարավորություն չեն տալիս վիրահատվել իր ընտրած հաստատությունում ՝ իրեն բուժող բժշկի մոտ։ Փաստորեն, դա հաստատում է Սամսոնյանի՝ հացադուլը շարունակելու մտադրությունը", - հաղորդել է Մելիքյանը։
Փաստաբանը հույս է հայտնել, որ վաղը Սամսոնյանին, այնուամենայնիվ, կտեղափոխեն "Իզմիրլյան" բժշկական կենտրոն, որտեղ նա ռեաբիլիտացիա կանցնի, որից հետո տեղի կունենա վիրահատությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, 14 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին առավոտյան տեղափոխել էին հիվանդանոց՝ ինքնազգացողության վատացման առնչությամբ:
Հիշեցնենք, որ Սամսոնյանն անժամկետ հացադուլ սկսելու մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ հունվարի 9-ին դատարանը ևս 3 ամսով երկարաձգել էր "Իմնեմնիմի" փոդքասթի հաղորդավարների կալանքը: Ընդդիմադիր գործիչներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին 2025 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում ։ Նույն օրը AntiFake.am խմբագրության գրասենյակում կատարվել էին խուզարկություններ, առգրավվել էր ողջ տեխնիկան։ Ռեսուրսի գործունեությունն ամբողջությամբ չի վերականգնվել, քանի որ ուժայինները մինչ օրս չեն վերադարձրել առգրավված գույքը: Բլոգերները ձերբակալվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությամբ ՝ իր հասցեին, իբր, հայհոյանք հնչեցնելու համար: Քննությունը նրանց մեղադրում է խուլիգանության համար։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը հաջորդել էր այն բանից հետո, երբ Սիմոնյանն առաջինն էր վիրավորել փոդքասթի հաղորդավարներին՝ Facebook-ի իր էջում հրապարակված գրառման մեջ, որից հետո էլ նրանք պատասխանել էին նրան: