


Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբայի կառավարությունում փնտրում է մարդկանց, ովքեր կարող են օգնել տարեվերջին տապալել հանրապետությունում գործող քաղաքական ռեժիմը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումից ոգեշնչված՝ Թրամփի վարչակազմը փնտրում է Կուբայի կառավարությանը մոտ կանգնած մարդկանց, ովքեր կարող են օգնել տարեվերջին կոմունիստական ռեժիմը տապալելու գործարք կնքելու հարցում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Կուբայի տնտեսությունն այժմ «փլուզման եզրին է», և կառավարությունը «ավելի խոցելի է, քան երբևէ» Մադուրոյի՝ որպես հիմնական հովանավորի կորստից հետո։
Աղբյուրները ընդգծել են, որ պաշտոնյաները «չունեն որևէ կոնկրետ ծրագիր» Կուբայի կառավարությունը տապալելու համար, սակայն «Մադուրոյի ձերբակալումը և նրա դաշնակիցների կողմից հետագա զիջումները» դիտվում են որպես «զգուշացում Կուբային»։
Ուրբաթ օրը Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին հայտարարել է, որ Հավանայի և Վաշինգտոնի միջև ճնշման տակ որևէ փոխըմբռնման հասնելը անհնար է։
«Ոչ մի կապիտուլյացիա կամ հանձնում, ոչ էլ հարկադրանքի կամ սպառնալիքի վրա հիմնված որևէ փոխըմբռնում հնարավոր չէ։ Կուբան երբեք քաղաքական զիջումների չի գնա։ Կուբան պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ հավասարության և հարգանքի վրա հիմնված փոխըմբռնման շուրջ», - EFE-ն մեջբերել է նրա խոսքերը։
Մադուրոյին բռնելու գործողությունից ի վեր ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Կուբան կարող է լինել իր հաջորդ թիրախներից մեկը։ ԱՄՆ ներկայիս պետքարտուղարը Մարկո Ռուբիոն է, որը ծնվել է կուբացի ծնողներից, որոնք ստիպված են եղել փախչել երկրից 1959 թվականի հեղափոխությունից հետո։ (INTERFAX)



