
Կոթի գյուղի բնակիչ Արծրուն Հարությունյանի հետ զրույցը մենք սկսում ենք նրա այրված բակում: Չնայած նրան, որ կրակոցների օրվանից երկու ամիս է անցել , բակը դեռ ներկված է սև և մոխրագույն գույներով: Կենտրոնում կանգնած են երեք վառված սովետական մեքենաներ՝ այն, ինչ մնացել է Հարությունյանների մեծ ընտանիքի փոխադրամիջոցներից:
«Սեպտեմբերի 2-ին ադրբեջանցիները սկսեցին կրակել ականանետերից նախ դիրքերի ուղղությամբ, հետո՝ գյուղի: Մենք կնոջս հետ անմիջապես երեխաներին տարանք գյուղի վերին թաղամաս, ուր չեն հասնում ադրբեջանցիների արկերը: Փառք Աստծո, ծնողներս անասուններին էին արածեցնում սարերում: Մի խոսքով, բախտս բերեց, ես ժամանակին կողմնորոշվեցի: Վերադառնալով՝ ես տեսա այրվող բակս», - պատմում է Արծրունը:
Նա ասում է, որ կրակոցներից հետո իր բակում 7 արկերի բեկորներ է գտել: Մինչ այդ Կոթին գնդակոծել էին միայն ինքնաձիգներից և խոշոր տրամաչափի գնդացիրներից: Կրակում էին միայն դիքերի ուղղությամբ: Բայց սեպտեմբերի 2-ին կոթեցիները դարձան այնպիսի գնդակոծությունների ականատես, ինչպիսիք նույնիսկ 90-ականներին չէին տեսել: «Ամբողջ գյուղի վրայով արկեր էին թռչում, մարդիկ թաքնվում էին ով որտեղ կարող էր, շատ արկեր ընկան տների վրա, բակերում», - պատմում է տղամարդը:
Արկերից մեկը դիպավ անասնագոմին, որը հիմնովին այրվեց: Անասունները սարում են, բայց հավերն ու ճտերը այրվել են: Այրվել են և ձմռան համար պատրաստած փայտի պաշարը, և խոտը՝ մոտ 1000 տուկ: Տունը հրաշքով կանգուն է մնացել, չնայած արկի մի քանի մասնիկներ տանն էլ են կպել:
«Մեր երեխաները ապրում են Հաղթանակ գյուղում, հորս տանը: Այն գտնվում է վրացական սահմանից ոչ հեռու: Այնտեղ գոնե հանգիստ է, երեխաները գնում են դպրոց: Այդպիսի սարսափից հետո մենք վախենում ենք բերել երեխաներին տուն: Մեզ անընդհատ թվում է, որ արկերը նորից կթռչեն մեր բակի ուղղությամբ: Չգիտեմ, ինչպես վարվել, քանի որ կրակոցները շարունակվում են, չնայած արդեն ավելի շատ կրակում են ինքնաձիգներից և գնդացիրներից», - պատմում է Արծրունի կինը՝ Նորան:
Հարությունյանները ընդհանուր ուժերով բանկից վարկ վերցրած փողերով վերանորոգեցին գոմը: Սակայն չգիտեն ինչով են ձմեռը կերակրելու անասուններին և ինչով են տունը ջեռուցելու: Առանց մեքենա էլ շատ դժվար է լեռնային Կոթիում. Արծրունը առայժմ գյուղում երթևեկում է բարեկամների մեքենաներով:
«Կրակոցների հանդարտվելուց հետո, եկան հրշեջները: Գնահատեցին և գրանցեցին վնասի չափը: Հանգցնելու էլ ոչինչ չկար: Հետո մեզ մոտ էլի մարդիկ եկան ինչ որ պետական կառույցներից, գրանցեցին մեր այրված ունեցվածքը, սակայն որտեղից էին , հսատատ չգիտեմ: Հեռուստատեսային լուրերով լսել եմ, որ վերջին կրակոցներից տուժված տավուշցիներին պետք է վնասը հատուցեն: Բայց հստակ խոստումներ մեզ ոչ ոք չի տվել», - ասում է Արծրունը:
Այսօր Հարությունյանները փորձում են նորից տնավորվել, քանի որ վերջնականապես հեռանալ Կոթիից ընտանիքին շատ դժվար է: Եթե պետությունն էլ օգնություն չցուցաբերի, որպեսզի նրանք մի կերպ վերադարձնեն վարկերը, ընտանիքը ստիպված կլինի վաճառել անասուններին: Իսկ առանց անասունների անհնար կլինի ապրել: Ընտանիքի ամբողջ բյուջեն կազմվում է կաթի գործարան հանձնած կաթի և Նոյեմբերյանում վաճառվող մսի գումարներից: «Ի՞նչ արած, ստիպված կլինենք ուրիշների այգիներում աշխատել օրեկան 2-3 հազար դրամով: Եթե այնտեղից մեզ նորից չսկսեն գնդակոծել», - Արծրունը ցույց է տալիս հակառակ կողմի սարը:
Հարությունյանները չգիտեն, ինչի համար են այսօր կրակում իրենց բակի ուղղությամբ՝ վերացնելով այդքան դժվարությամբ ստեղծված ունեցվածքը: Ըստ ընտանիքի գլխի , իրենք երբեք ոչ ոքի վատություն չեն արել՝ ողջ կյանքում վաստակելով իրենց քրտինքով, որպեսզի կերակրեն ընտանիքը և ինչ որ պայմաններ ստեղծեն երեխաների համար:
Նորա Հարությունյանը ձեռքի ափի մեջ է պահում արկի բեկորները: Ավելի մեծերը զինվորականները տարել են դեռևս կրակոցերի օրը, իսկ մանրերը նա շարունակում է գտնել համարյա ամեն օր: «Երեխաները կվերադառնան տուն այն ժամանակ, երբ այստեղ գոնե մի քիչ կհանդարտվի: Գնալու տեղ, միևնույն է , չունենք: Այստեղ է այն ամենը, ինչ մենք ստեղծել ենք տարիների ընթացքում: Չգիտեմ, ուր են նայում մեր իշխանությունները», - ավելացնում է կինը:
Նրա ամուսինը իշխանություններից չի բողոքում: «Պաշտպանության նախարարը եկել է գյուղ կրակոցների սկսվելու հաջորդ օրը, երբ գյուղը դեռ գնդակոծվում էր: Ինչից հետո մի քանի օր շարունակ սահմանին կենտրոնացած մեր ուժերը կրակում էին արդեն լռած ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
«Հավանաբար, այնտեղ էլ են տներ այրվել, բայց ինձ դրանից ի՞նչ օգուտ, ինձ դա չի փարատում: Ես ուզում եմ հանգիստ ապրել իմ տանը, ինձ ուրիշինը պետք չի: Թեպետ, ի՞նչ կարող են անել մեր իշխանությունները: Արգելել ադրբեջանցիներին կրակե՞լ: Չգիտեմ, երևի, նրանք այնտեղ իրար մեջ ինչ-որ գլոբալ հարցեր են լուծում, ինչից ես գլուխ չեմ հանում, բայց ի՞նչ կապ ունենք մենք», - տղամարդու ձայնը սկսում է դողալ:
«Ամեն դեպքում, ես նույնիսկ չեմ էլ փորձում մեղավորներ փնտրել: Մեղավոր եմ միայն ես, որ ծնվել եմ Ադրբեջանի հետ սահմանին: Դա է իմ ճակատագիրը, - ասում է կիսաավեր շեմից մեզ ճանապարհող Արծրուն Հարությունյանը: