


Արմինֆո. ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Դուբլինում Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա բացման արարողության ժամանակ հիշեցրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին։
Ինչպես հաղորդում է Free Armenian Hostages նախաձեռնության մամուլի ծառայությունը, արարողությանը մասնակցել են 12 քրիստոնեական դավանանքների առաջնորդներ, որոնք աղոթել են խաղաղության, արդարության և պատերազմից տուժածների համար։ Եպիսկոպոս Մանուկյանը կոչ է արել քրիստոնյաներին միավորվել և պայքարել արդարության համար։ Նա ներկաներին հիշեցրել է հայ ժողովրդի շարունակական տառապանքների, մասնավորապես, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախցի ողջ բնակչության հարկադիր տեղահանման և Բաքվում պահվող հայ գերիների մասին։
«Միասնությունը սկսվում է գործողություններից։ Եկեք աղոթենք գերիների համար, պաշտպանենք արդարությունը և հետևենք Ավետարանի խորհրդին», - նշել է եպիսկոպոսը։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, «հակաահաբեկչական գործողության» պատրվակով, սկսեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ, որը հանգեցրեց ԼՂՀ լիակատար հայաթափման։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից ի վեր, որը գագաթնակետին հասավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի լիակատար էթնիկ զտմամբ, ավելի քան 150,000 արցախցիներ կորցրել են իրենց հայրենիքը և դարձել փախստականներ։
Հավելենք, որ առնվազն տասնինը հայ ռազմագերիներ շարունակում են մնալ անօրինական կալանքի տակ Ադրբեջանում, որտեղ նրանք շարունակում են ենթարկվել խոշտանգումների և բռնությունների։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի ութ նախկին պաշտոնյաներ՝ նախկին պետնախարար (2022-2023) Ռուբեն Վարդանյանը, նախկին նախագահ (2020-2023) Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ (2007-2020) Բակո Սահակյանը, նախկին նախագահ (1997-2007) Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊՆ նախկին նախարար Լևոն Մնացականյանը եւ պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը։



