

Ադրբեջանը չի հրաժարվում Արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարանում Բուենոս Այրեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Շարմազանովի ասելով, դրա վկայությունը Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումներն եբ, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում երկու կողմում: « Այդ երկիրն այդպես էլ անցյալից դասեր չքաղեց. Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը 90-ականներին հոխորտում էր, որ հակամարտությունը կլուծի ռազմական ճանապարհով` սպառնալով գրավել Սեւանը: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ զարգացան. ադրբեջանցիները ստիպված եղան հայերից զինադադար աղերսել», - նշել է նա. Հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատգմամբ այլընտրանք չկա: «Մենք Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, վերահաստատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում. դա է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մենք պետք է սատար լինենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը», - ամփոփել է Շրամազանովը:


