
Արմինֆո.Հայաստանը չի կարող անցնել Եվրամիության չափորոշիչներին և մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2025 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ բազմիցս ԵՄ-ին Հայաստանի անդամակցության և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների թեման քննարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա հավելել է, որ այդ թեման շոշափվել է իր կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ՝ անցյալ տարի Երևան կատարած այցի ընթացքում:
"Ցանկացած ոք, ով ինչ-որ կերպ ծանոթ է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի գործունեության սկզբունքներին, կասի, որ անհնար է անցնել Եվրամիության չափորոշիչներին եւ մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ", - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ այդ մասին բազմիցս խոսել է նաեւ ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ իր հայ գործընկերոջ հետ շփումներում:
Լավրովն ընդգծել է, որ դա, պարզապես, տեխնիկապես անհնար է։ Նրա խոսքով՝ այդ երկու կառույցներն անհամատեղելի են՝ ոչ միայն այն պատճառով, որ տարբեր նորմեր են կիրառվում առևտրում, ներդրումներում, այլ նաև այն պատճառով, որ Բրյուսելը ցանկանում է և ակտիվորեն առաջ է մղում Հայաստանի նորմատիվ-իրավական բազան իր չափորոշիչներին համապատասխան վերափոխելու գաղափարը:
Այս առումով դիվանագետը հիշեցրել է, որ բազմիցս ասել է, որ այդ չափորոշիչները ենթադրում են ամբողջովին միացում ԵՄ արտաքին քաղաքականությանը, ինչը ենթադրում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, հակառուսական հայտարարություններին:
Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անցած տարվա դեկտեմբերին ստորագրվել է ԵՄ հետ Հայաստանի գործընկերության նոր ռազմավարական օրակարգը: "Այնտեղ այդ ամենն ամրագրված է, որ պետք է համակարգվել նաև արտաքին քաղաքականության ոլորտում, և առևտրի ոլորտում, և տնտեսության ոլորտում, վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Բայց դա պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն պետք է ձայն ունենա իրավապահ ոլորտում, սահմանների պաշտպանության ոլորտում որոշումներում։ Հասկանալի է, որ Հայաստանում են մեր սահմանապահները ։ Արդեն հարց է առաջանում, թե ինչպես է դա զուգակցվում Երևանի ներկայիս պարտավորությունների հետ ։ Այդ պատճառով ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժումն, իհարկե, չի կարող զուգակցվել ԵԱՏՄ անդամության պահպանման հետ", - կրկնել է Լավրովը։ Ընդ որում, նա նշել է, որ եթե Հայաստանը համապատասխան որոշում կայացնի, ինչպես Փաշինյանն է ասել, այն ընդունի՝ որպես հայ ժողովրդի կամարտահայտությանը համապատասխան, դա հայ ժողովրդի և Հայաստանի իրավունքն է:
"Պարզապես, ուզում եմ ասել, որ դժվար է անտեսել այն թվերը, որոնք բնութագրում են Հայաստանի տնտեսության զարգացումը վերջին 10 տարիների ընթացքում ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել 2015 թվականին, երբ նրա համախառն ներքին արդյունքը կազմում էր 10,5 մլրդ դոլար, իսկ այժմ այդ թիվը հավասար է 26-ի։ ԵԱՏՄ - ին անդամակցության ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն քսան անգամ ավելացել է", - ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ ԵԱՏՄ շուկաներ Հայաստանի անարգել մուտքը թույլ է տվել հայկական արտաքին առևտրաշրջանառությունը ՌԴ-ի հետ հասցնել ռեկորդային ցուցանիշների, և այժմ այն կազմում է 14 մլրդ դոլար, ինչը երբեք չի եղել։ "Բայց, կրկնեմ, ընտրությունը հայ ժողովրդինն է, Հայաստանի ղեկավարությանը, բայց համատեղել և այստեղ և այնտեղ՝ միանգամայն բացառվում է", - եզրափակել Է Լավրովը:
Ավելի վաղ Մոսկվան փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մակարդակով հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ: 2025 թվականի դեկտեմբերին Օվերչուկը նշել էր, որ Հայաստանն ինչ-որ փուլում պետք է վերջնականապես կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության լիիրավ անդամ և կմնա ԵԱՏՄ-ում՝ մինչև համատեղելիության հետ կապված խնդիրներ չառաջանան: