


Արմինֆո.Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի երկրի պետական սահմանի վերահսկողությունն իրականացնեն հայ սահմանապահները։ Այդ մասին հունվարի 19-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ այդ գործընթացն իրականացվում է փուլ առ փուլ։ Հայաստանը երախտապարտ է Ռուսաստանի համապատասխան կառույցին՝ այդ ուղղությամբ կատարած աշխատանքի համար։ Սահմանի առաջին հատվածը, որի վերահսկողությունն անցել է հայ սահմանապահներին, եղել է "Զվարթնոց" օդանավակայանի անցակետը, հայ-իրանական սահմանի որոշ հատվածներ ևս գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ: Աստիճանաբար, ինչպես ընդգծել է խորհրդարանականը, Հայաստանը մեծացնում և զարգացնում է իր հնարավորություններն այդ ուղղությամբ։
Ալեքսանյանը նշել է, որ տեղյակ չէ Ախուրիկ գյուղի մոտ ռուս սահմանապահների փոխարինումից, որտեղ արդեն ռուսական դրոշի փոխարեն հայտնվել է նոր դրոշակաձող, ենթադրաբար՝ Հայաստանի դրոշի համար: "Այդ առնչությամբ ոչինչ չեմ կարող ասել, եթե ինչ-որ բան լինի, պաշտոնական հաղորդագրություն կհայտնվի։ Ամեն դեպքում, Հայաստանի սահմանները պետք է հսկեն հայ սահմանապահները", - ասել է պատգամավորը։
Ավելի վաղ Հայաստանի ԶԼՄ-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել էր, որ Հայաստանի իշխանություններն առաջիկայում մտադիր են ռուս սահմանապահներին դուրս բերել Շիրակի մարզի "Ախուրիկ" սահմանային անցակետից: Հրապարակման մեջ նաև ասվում էր, որ օբյեկտում տեղադրված է նոր դրոշակաձող, ենթադրաբար՝ Հայաստանի դրոշի համար։



