


ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հանդիպել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության (EDS) անդամների հետ, որոնք Երեւանում մասնակցում են կառույցի խորհրդի հավաքին:
Հանդիպման ընթացքում խոսք է գնացել Հայոց ցեղասպանության մասին: Այդ առնչությամբ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, իսկ ժխտելով սկիզբ է դնում նոր ցեղասպանությունների։ «Ահա թե ինչու Ադոլֆ Հիտլերը Երկրորդ համաշխարհային պատարազմի ժամանակ դիմելով իր բանակին` ասել է. «Ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը»։ Թուրքիան այսօր ոչ միայն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այլեւ փակ է պահում Հայաստանի հետ սահմանները։ Մենք Ցեղասպանության մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետեւ ցեղասպանությունների թեման այսօր էլ արդիական է, այն շարունակվում է հատկապես այս տարածաշրջանում։ Մենք ոչ միայն ցանկանում ենք, այլեւ ստիպված ենք եւ պարտավոր ենք խոսել այդ մասին», - ասել է Վիգեն Սարգսյանը, ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ոչ միայն հարգանքի տուրք էին զոհերի հիշատակին, այլև նպատակ ունեին միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հետագայում նման հանցագործությունների կանխարգելման հարցերին:


