


Արմինֆո."Ժողովուրդ" օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը վտարվել են Ազգային ժողովի շենքից՝ նրանց հավատարմագրումից զրկելու պատճառաբանությամբ: Մինչդեռ, լրատվամիջոցի երկու ներկայացուցիչներին էլ խորհրդարանի շենք մուտքի անցագիր էր դուրս գրել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Երկու լրագրողներն էլ ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին:
Նիստի ընթացքում, սակայն, ներս է մտել անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ով երկու լրագրողներին պահանջեց լքել ԱԺ շենքը: Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները չեն խանգարել հանձնաժողովի աշխատանքին, որից հետո անվտանգության ծառայության ներկայացուցիչը լքել է նիստերի դահլիճը: Այդուհանդերձ, կարճ ժամանակ անց Քոչարյանն, այնուամենայնիվ, պնդել է, որպեսզի "Ժողովուրդ" օրաթերթի երկու ներկայացուցիչներն էլ լքեն շենքը, և ընդմիջում է հայտարարել: Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանը Քոչարյանին ասել է, որ նա խորհրդարանը վերածել է Ալեն Սիմոնյանի կալվածքի։
Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը պարզաբանումներ են պահանջել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանից, ինչին ի պատասխան վերջինս ասել է, որ երկու լրագրողները կարող էին գտնվել Գեղամ Մանուկյանի աշխատասենյակում, բայց ոչ՝ հանձնաժողովի նիստին: Նա նաև լրագրողներից պահանջել է լքել խորհրդարանի շենքը, որից հետո գործին միջամտել է անվտանգության ծառայությունը, որի ուղեկցությամբ և Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը լքել են ԱԺ շենքը ՝ սպառնալով ԱԺ ղեկավարներին դատաքննությամբ:



