
Արմինֆո. Քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ այս տարվա հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություններին:
Քաղաքագետը Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հունվարի 15-ին մամուլի ասուլիսում․ առաջին հերթին հույս էր հայտնել, որ կտեսնեն «Զանգեզուրի միջանցքի» իրականացումն այնպես, ինչպես դա ուզում է Ադրբեջանը։ Բացի այդ, ինչպես նշել է քաղաքագետը, թուրք նախարարը հայտարարել է, թե՝ «Հայաստանին մնացել է միայն մի քանի բան անել», հիշեցնելով, որ առաջիկա հունիսին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու.... եւ իրենք «անկեղծորեն աջակցում են Փաշինյանի կառուցողական դերին այդ հարցում»։
«Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, կեղծ պատարագների շարքեր, «բարեփոխիչ» եպիսկոպոսներ, քաղաքականությամբ չզբաղվողներ, «հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ, ՀՀ դեմ «հիբրիդային պատերազմի մասին», հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ։ Թե՞ ձեռնտու է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»։ Սա՞ նկատի ունեք՝ ինքնիշխան Հայաստան ասելով», - այդ առնչությամբ գրել է Հովհաննիսյանը
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը լրագրողներին ասել էր, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, որոնք կարևոր փուլ են դառնալու: Ֆիդանն այդ առնչությամբ նաև նշել էր, որ Փաշինյանն այժմ հասարակական կարծիքի առաջատարն է, և Անկարան իսկապես աջակցում է այն կառուցողական դերին, որը նա ցուցաբերել է այդ հարցում, հավելելով, որ այդ գիծը, այդ ցանկությունը պետք է շարունակվի: Թուրքիայի արտգործնախարարը նաև խոսել էր Հայաստանի հարավով երթուղու մասին, հույս հայտնելով, որ իրենք կտեսնեն, թե ինչպես "Զանգեզուրի միջանցքը կիրականացվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, քանի որ այն կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից"։
Այդ հայտարարությունների ֆոնին Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու համար: Ուշագրավ է, որ Հայաստանի իշխանությունները շտապել են արդարացնել թուրք նախարարին, վստահեցնելով, որ նա որևէ կերպ չի աջակցում Փաշինյանին և, առավել ևս, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին: