


Երևանում ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ բողոքի ակցիան:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք չէ հանցագործներ փնտրել, նախագահ Սերժ Սարգսյանից բացի:
ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է, որ Սարգսյանը երկրի բնակչության անգամ 5%-ի վստահությունը չի վայելում, և հանրաքվեի պաշտոնական արդյունքները հնարավոր են դարձել միայն դատարկված գյուղերի ՙքվեարկության՚ հաշվին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ պայքարի արդյունքում հստակություն մտավ քաղաքական դաշտում, ակնհայտ դարձավ, թե քաղաքական որ ուժն է ժողովրդի կողքին կանգնած, իսկ որն է խուսափում պատասխանատվությունից կամ երկրի քաղաքացիների դեմ գործում: Նա նշել է, որ մինչև վաղը ժամը 6-ը ԿԸՀ դիմում կներկայացվի՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Նա նաև հայտնել է, որ ՙՈչ՚-ի ճակատը ՙարդարության բանակի՚ ձևավորման գործընթաց է սկսում: ՙՄենք կհասնենք այն բանին, որ հաջորդ ընտրություններում ՙարդարության բանակի՚ ամեն մի անդամ իր տեսախցիկը կունենա յուրաքանչյուր տեղամասում, ինչի շնորհիվ կապահովվի ընտրությունների ողջ ընթացքի օն-լայն հեռարձակումը՚,- հայտարարել է Զուրաբյանը:


