


Արմինֆո. Գերիներ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը հանձնվել են հայկական կողմին։ Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցում։
«Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում։
Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Սուջյանը, Դավթյանը և Էուլջեքջյանը գերեվարվել են 2020 թվականի նոյեմբերին ՝ եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը։ 2021 թվականին Էուլջեքջյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման ՝ ահաբեկչության և վարձկանության շինծու մեղադրանքով ։ Դավիթ Դավթյանը եւ Գևորգ Սուջյանն առևանգվել են 2020 թվականի նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհին՝ մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ: 2021 թվականին Սուջյանն ու Դավթյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման ՝ լրտեսության շինծու մեղադրանքով։ Վագիֆ Խաչատրյանին առևանգել են Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի բլոկպոստի մոտակայքում ՝ Կարմիր Խաչի շտապ բժշկական օգնության մեքենայով տարհանման ժամանակ և 2023 թվականի հուլիսի 29-ից պահում են գերության մեջ: 2023 թվականին Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման ՝ 1990-ականներին "ցեղասպանություն կատարելու" շինծու մեղադրանքով։
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հրապարակել էր 23 հոգուց բաղկացած ցուցակ, որոնց գերեվարման փաստը հաստատվել է: Նրանց թվում են 6 քաղաքացիական անձինք, 9 ռազմագերիներ և 8 քաղբանտարկյալներ (Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ) ։



