
Արմինֆո. Իրանում մտահոգված են այն առնչությամբ, որ ԱՄՆ-ը կարող է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծն օգտագործել իր անվտանգության քաղաքականության շրջանակներում։ Այդ մասին հունվարի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Հալիլ Շիրգոլամին։
Անդրադառնալով այդ նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդրանքին՝ դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ երկիր է։ Նրա խոսքով՝ Իրանում ուրախ են Հայաստանի ապաշրջափակման և զարգացման հարցում ցանկացած դրական քայլի համար: Նա հավելել է, որ ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ նաև Արևմուտք-Արևելք, և Հյուսիս-Հարավ ուղղությամբ:
"Նույն Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է երկու ճյուղավորում ունենալ Հայաստանում․ Օմանից դեպի Ռուսաստան և Հնդկաստան, ինչպես նաև՝ Օմանից դեպի Սև ծով։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտարարել ենք, որ մենք ձեզ վստահում ենք, սակայն գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։
Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք այն առնչությամբ, որ ԱՄՆ-ը կարող է այդ նախագիծն օգտագործել անվտանգության իր քաղաքականության շրջանակներում: Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ մեր քննարկումները պարբերաբար շարունակվելու են՝ հասկանալու համար այդ նախագծի մասշտաբները", - հավելել է Շիրգոլամին։
Դիվանագետը կրկին ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն, և ոչ մի հարց չպետք է մարտահրավեր նետի այդ հարաբերություններին: Այդ համատեքստում նա հույս է հայտնել, որ Իրանի մտահոգությունները կքննարկվեն և կփարատվեն: "Մենք շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը", - եզրափակել է ԻԻՀ դեսպանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին):