


Արմինֆո. Թուրքիայում ակնկալում են Հայաստանի հարավով երթուղու ավարտ մինչև 2030 թվականը և շարունակում են օգտագործել "միջանցք" տերմինը։
Ըստ ԶԼՄ-ների՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն "Անադոլու" գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է աշխատանքները, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" ուղղությամբ։ Նրա ասելով՝ Նախիջևանում անավարտ աշխատանքներ կան, որոնք ադրբեջանական կողմը, հավանաբար, կսկսի իրականացնել այս տարի:
Թուրք նախարարը նաև ընդգծել է ԱՄՆ-ի մասնակցությունն այդ երթուղու կառուցմանը ։ Աբդուլքադիր Ուրալօղլուի ասելով՝ թուրքական կողմն այդ ուղղությամբ առաջընթաց է ակնկալում ընթացիկ տարում, եւ այն կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը:
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք։
Ավելի ուշ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր", որը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: TRIPP (Trump Route for International Peace and Prosperity - "Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման") նախագիծը Հայաստանի հարավով անցնող 42 կմ ճանապարհահատված է, որը, ըստ լուրերի, 99 տարով կհանձնվի ԱՄՆ կառավարմանը:



