
Արմինֆո. Անհրաժեշտ է հասնել ամերիկյան և եվրոպական միջնորդների հստակ հայտարարության այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացումն անհամատեղելի է խաղաղության որևէ համաձայնագրի հետ: Այդ մասին հայտարարել է "Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության առաջնորդ, Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ Facebook-ի իր էջում տարածված տեսաուղերձում ներկայացնելով Washington Times-ում հրապարակված իր հոդվածը:
Թաթոյանի կարծիքով՝ խաղաղության հաստատման հարցում կարեւոր դեր կարող է խաղալ ԱՄՆ-ը։ "ԱՄՆ-ն այս գործընթացում ունի ազդեցության լծակներ, սակայն, պետք է հիշել, որ չօգտագործվող հնարավորություններն արագ սպառվում են", - կարծում է քաղաքական նախաձեռնության առաջնորդը: Միաժամանակ, նա հիշեցրել է, որ 2021 թվականին Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխաան տարածք Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում: "Եվ, չնայած ադրբեջանական կողմի հետ բազմաթիվ բանակցություններին, գործող ղեկավարությունը չի կարողացել դուրս բերել Ադրբեջանի "օկուպացիոն ստորաբաժանումները" Հայաստանի ինքնիշխան տարածքից ՝ դրանով իսկ պահպանելով ուժով ստեղծված ռազմական իրողությունը։ Ավելին, ստեղծվում է տպավորություն, որ դիվանագիտական հարթությունում այդ հարցը մնում է երկրորդական", - նշել է քաղաքական գործիչը։
Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ նման դիրքորոշումը վտանգավոր նախադեպ է և ուղերձ ինչպես Ադրբեջանի ղեկավարությանը, այնպես էլ համաշխարհային այլ խաղացողներին, որ կարելի է օրինականացնել իրենց ներկայությունն օկուպացված տարածքներում և խուսափել պատասխանատվությունից: "Տրանսպորտային երթուղիները, տարածաշրջանային ինտեգրումը և վստահության շուրջ պայմանավորվածությունները չեն կարող իրականացվել ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացման պայմաններում։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ ժողովրդին հրապարակավ բնութագրել է որպես "անառողջ" և շարունակում է առաջ տանել պատումն այն մասին, թե Հայաստանի ողջ տարածքը հինավուրց ադրբեջանական հող է: Նման ձևակերպումներն անհամատեղելի են հաշտության հետ, քանի որ դրանք ենթադրում են ոչ թե համակեցություն, այլ հիերարխիա", - վստահ է Թաթոյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղություն կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե բանակցությունները հիմնված լինեն մի պարզ սկզբունքի վրա. սահմանները չեն կարող փոխվել ուժի կիրառմամբ, իսկ տարածքների օկուպացման հարցը չի կարող հետաձգվել կամ մոռացվել ժամանակի ընթացքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին)։