


Արմինֆո. Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, այս անգամ՝ Միջերկրական ծովի կողմից։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ցիկլոնն իր հետ կբերի ձյան առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում: Հունվարի 13-ի կեսօրից հետո, 13-ի՝ լույս 14-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, որոնք առանձին շրջաններում կշարունակվեն նաև հունվարի 15-ին: Հունվարի 13-ին նախալեռնային և հովտային շրջաններում սպասվում է թաց ձյուն և անձրև, իսկ հունվարի 13-ի՝ լույս 14-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն:
Ցիկլոնը կբերի նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ: Մի շարք շրջաններում ձյան տեղումները կուղեկցվեն բուքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով:



