


Արմինֆո. Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ հարաբերությունները ջերմ են ու բարեկամական. այդ մասին հունվարի ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը՝ ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ հանդիպման ընթացքում (նստավայրը` Թբիլիսի, Վրաստան):
Հայաստանի ԱԺ հաղորդագրության համաձայն, բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների համար վերջին տարիները նշանավորվել են բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով, ինչպես նաեւ՝ տարբեր հարթակներում ակտիվ փոխգործակցությամբ: Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ երկխոսությունը՝ արձանագրելով խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության ակտիվացման դինամիկան:
Մարգ Մարդիսալու-Կահարը շնորհավորել է Արուսյակ Ջուլհակյանին բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Կարեւորելով երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնումը՝ դեսպանը եւս նշել է, որ Հայաստանի եւ Էստոնիայի խորհրդարանների բարեկամական խմբերի փոխհամագործակցությունը բավականին ակտիվ է:
Երկուստեք կարեւորվել է 2026 թվականին Հայաստանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն բացելու հանգամանքը:
Դեսպանի խնդրանքով Արուսյակ Ջուլհակյանը խոսել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների շրջանակներում իրականացվելիք աշխատանքների, անվտանգային մարտահրավերների դիմակայման, Հայաստանի Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ մեր երկիրը հանձնառու է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացմանը: Նա համոզմունք է հայտնել, որ «Նոր գործընկերության օրակարգը» կօգնի ամրապնդել փոխգործակցության նոր առաջնահերթությունները:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:



