


Արմինֆո. Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցյալ շաբաթ Հարավային Աֆրիկայի մոտակայքում սկսվել են «Խաղաղության կամք 2026» ռազմածովային զորավարժությունները, որոնց մասնակցում են BRICS երկրները՝ Չինաստանը, Ռուսաստանը և Հարավային Աֆրիկան։
«Հունվարի 10-ի առավոտյան, տեղական ժամանակով, Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքի Սայմոնս Թաունի ռազմածովային բազայում մեկնարկել են «Խաղաղության կամք 2026» համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնց մասնակցում են BRICS երկրները, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը և Հարավային Աֆրիկան», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Զորավարժությունների նպատակն է պաշտպանել ծովային կարևորագույն ուղիները և ապահովել ծովային տնտեսական գործունեության անվտանգությունը։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունվարի 16-ը ռազմածովային բազայի մոտ գտնվող ծովում և օդային տարածքում։
Չինաստանի մասնակից ուժերի թվում են 052DL տիպի «Տանգշան» ականակիրը, «Թայհու» մատակարարման նավը, նավային ուղղաթիռներ և մի քանի տասնյակ հատուկ նշանակության ջոկատներ։
Նախարարության տվյալներով՝ զորավարժություններն անցկացվում են երկու փուլով։ Առաջին փուլը, որը կտևի մինչև հունվարի 12-ը, ներառում է նավերի արարողակարգային անցում, ռազմական փոխազդեցություններ, մարզական և մշակութային միջոցառումներ։
Երկրորդ փուլի ընթացքում՝ հունվարի 13-ից 15-ը, նավերի անձնակազմերը կվարժվեն կապի պահպանման, խմբային մանևրների անցկացման, ծովում հարվածների իրականացման և ուղղաթիռներով տուժածներին տարհանելու վերաբերյալ: Զորավարժությունների փակման արարողությունը տեղի կունենա հունվարի 16-ին:



