
Արմինֆո. Իրանում իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցվել՝ երկրում անկարգությունները ճնշելուց հետո։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ելույթ ունենալով Թեհրանում օտարերկրյա դիվանագետների առջև:
Ինչպես հաղորդում է Iran.ru-ն, նրա խոսքերը հեռարձակել է Կատարի կողմից ֆինանսավորվող "Ալ Ջազիրա" արբանյակային լրատվական ցանցը, որին թույլ են տվել աշխատել ՝ չնայած երկրում ինտերնետի անջատմանը:
Աբաս Արաղչին նաև ասել է, որ բողոքի ցույցերը "դաժան ու արյունոտ են դարձել, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտելու առիթ տան":
Հայտնի է դարձել նաև, որ Իրանի կառավարությունը եռօրյա ազգային սուգ Է հայտարարել վերջին դաժան անկարգությունների ժամանակ քաղաքացիների և անվտանգության ծառայությունների աշխատակիցների զոհվելու կապակցությամբ: ԻԻՀ նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ նախագահն ու նախարարների կաբինետը սգում են զոհված իրանցիների համար: Նշվում է, որ ազգային սուգ Է հայտարարվել ի հիշատակ նրանց, ովքեր "զոհվել են Միացյալ Նահանգներին և իսրայելական ռեժիմին Իրանի դիմադրության ժամանակ":
"Իրանի ժողովուրդն ականատես է եղել ԴԱԵՇ-ին (ԻԼԻՊ) հիշեցնող հանցագործների կողմից իր ժողովրդի, "Բասիջ" կամավորների եւ ոստիկանական ուժերի դեմ իրականացված բարբարոսական բռնություններին, ինչի արդյունքում շատերը նահատակվել են", - ասված է կառավարության հայտարարության մեջ:
Իրանի կառավարությունը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնության համար մեղավորներին և ապահովել հասարակական կարգը:
Հիշեցնենք, որ ԻԻՀ-ում ակցիաները բռնկվել էին դեկտեմբերի 28-ին ՝ ազգային արժույթի փլուզումից և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումից հետո: Ակցիաներն սկսվել էին որպես սոցիալական եւ վերաճել անկարգությունների, շենքերի հրկիզումների և իրավապահների սպանության ։ Իրանի իշխանությունները բողոքի ցույցերին կոշտ են արձագանքել։
Երկրում արդեն երրորդ օրն է՝ ինտերնետն անջատված է։ Թեհրանում և իրանական այլ քաղաքներում ձերբակալվածների և զոհվածների մասին տեղեկությունները հակասական են։ Իրանում բողոքի ալիքի ֆոնին ԱՄՆ նախագահն Իրանի իշխանություններին սպառնացել է հարվածներ հասցնել՝ "խաղաղ ցուցարարների" սպանությունների դեպքում: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գրել է."Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին":
Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, կիրակի օրը ելույթ ունենալով պատգամավորների առջև, հունվարի 11-ին հայտարարել է, որ Իսրայելն ու ամերիկյան ռազմաբազաները օրինական թիրախներ կդառնան Իրանի համար՝ ԱՄՆ-ի հարձակման դեպքում: Մինչդեռ, Իրանի նախկին վտարանդի շահի որդին ՝ Ռեզա Փահլավին, կրկին տեսաուղերձ է հրապարակում, որտեղ վերստին կոչ է արել բնակչությանը դուրս գալ փողոց, հայտարարելով, որ մտադիր է վերադառնալ Իրան: