


Արմինֆո. Հունվարի 9-ից չի հաջողվում կապ հաստատել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հունվարի 12-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 28-ին Իրանում ազգային արժույթի արժեզրկման պատճառով բռնկված բողոքներին:
Նա նշել է, որ, ի տարբերություն Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների (Սիրիայի բանակի և քրդերի բախումները - խմբ.), որտեղ իրենք մշտապես կապ են պահպանում մեր հայրենակիցների հետ, Իրանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել, քանի որ հունվարի 8-ի երեկոյից Իրանում անջատել են համացանցը և որևէ տեղեկություն չկա այդ երկրում տեղի ունեցողի մասին:
"Դա մեզ անհանգստություն է պատճառում։ Մենք մեր ջանքերը կուղղենք նրանց հետ կապ հաստատելուն", - վստահեցրել է Սինանյանը։
Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ նման իրավիճակ է եղել նաև Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ, նրա ասելով, տեղեկատվություն էր ստացվում սահմանը հատող հայրենակիցների միջոցով: Այդ առնչությամբ նա հաղորդել է, որ ստեղծված իրավիճակում իրենք, հավանաբար, կդիմեն տեղեկություններ ստանալու համանման մեթոդի: "Մենք բավարար տվյալներ չունենք, որպեսզի այս փուլում խոսենք մեր հայրենակիցների տարհանման մասին։ Հենց որ նման հնարավորություն հայտնվի, մենք հոգ կտանենք այդ մասին", - հավելել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ Իրանում ակցիաները բռնկվել էին դեկտեմբերի 28-ին ՝ ազգային արժույթի փլուզումից և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումից հետո: Ակցիաները, որոնք ի սկզբանե սկսվել էին որպես սոցիալական, վերաճել են անկարգությունների, շենքերի հրկիզումների և իրավապահների սպանության: Իրանի իշխանությունները բողոքի ցույցերին կոշտ են արձագանքել։ Երկրում արդեն երրորդ օրն է ՝ ինտերնետն անջատված է։ Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ձերբակալվածների և զոհերի մասին տեղեկությունները հակասական են։



