
Արմինֆո. Իրանն այժմ ապրում է իր նորագույն պատմության, թերևս, ամենակարևոր փուլը, կարծում է քաղաքական վերլուծաբան, "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը:
«Այն, ինչ կատարվում է Իրանում, ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Առանց ծայրահեղության մեջ ընկնելու, պարզապես, պետք է արձանագրել, որ Իրանն այժմ ապրում է, թերեւս, իր նորագույն պատմության ամենակարեւոր փուլը: Ներքին անկայունություն։
Ռիալի փլուզում։ Երկիրը՝ համակված թշնամական պետությունների գործակալական ցանցով:
Պատերազմներից մշտական լարվածություն», - նշել է փորձագետը:
Նրա ասելով՝ այդ ամենը, բնականաբար, հոգեբանական բեռ է շարքային իրանցիների վրա։
«Բայց հիմա խոսքը ոչ թե բողոքի ակցիաների մասին է, խոսքը վերաբերում է քաղաքացիական դիմակայության համակարգված գեներացմանը՝ ոստիկանության դեմ զենքի կիրառմամբ եւ իրավապահների սպանությամբ: Խաղադրույքը շատ բարձր է ԱՄՆ-ի համար: Դա, պարզապես, նավթն ու գազը չէ, Իրանն առանցքային խաղացող է հսկայական տարածաշրջանում՝ Պարսից ծոցից մինչեւ Չինաստանի հետ սահման, այնպես որ նայեք այս շրջապատին: Իրանը տանում են մասնատման, դա ակնհայտ է: Եվ ամենաբացասական հետեւանքների զարգացման դեպքում Հայաստանին սպասում են չափազանց լուրջ հետեւանքներ: Արդյո՞ք մենք ինքներս մեզ հաշիվ տալիս ենք, թե ինչ է կատարվում, եւ ինչ է մեզ սպասում: Ոչ, չենք տալիս», - համոզված է Աբովյանը։
Նա ցավով արձանագրել է, որ բացի քաղաքական գործիչների եւ մասնագետների նեղ շրջանակից, ոչ ոք, նույնիսկ, չի պատկերացնում, թե ինչ կլինի մեր տարածաշրջանի հետ՝ Իրանում իշխանության անկման դեպքում:
Հիշեցնենք, որ ԻԻՀ-ում ակցիաները բռնկվել էին դեկտեմբերի 28-ին՝ ազգային արժույթի փլուզումից և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումից հետո: Ակցիաներն ի սկզբանե սկսվել էին որպես սոցիալական եւ վերաճել անկարգությունների, շենքերի հրկիզումների և իրավապահների սպանության։ Իրանի իշխանությունները բողոքի ցույցերին կոշտ են արձագանքել։
Երկրում արդեն երրորդ օրն է՝ ինտերնետն անջատված է։ Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ձերբակալվածների և զոհերի մասին տեղեկությունները հակասական են։ Իրանում բողոքի ալիքի ֆոնին ԱՄՆ նախագահն Իրանի իշխանություններին սպառնացել է հարվածներ հասցնել՝ "խաղաղ ցուցարարների" սպանությունների դեպքում: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գրել է."Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին":
Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, կիրակի օրը ելույթ ունենալով պատգամավորների առջև, հունվարի 11-ին հայտարարել է, որ Իսրայելն ու ամերիկյան ռազմակայաններն օրինական թիրախներ կդառնան Իրանի համար՝ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում: Միեւնույն ժամանակ, Իրանի նախկին վտարանդի շահի որդին ՝ Ռեզա Փահլավին, կրկին տեսաուղերձ է հրապարակում, որտեղ կրկին կոչ է արել բնակչությանը դուրս գալ փողոց, հայտարարելով, որ մտադիր է վերադառնալ Իրան: