
Արմինֆո. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանությունը վերաքննիչ բողոք կներկայացնի գործարարի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ, իր հերթին՝ մեղադրող կողմը պահանջում է գործարարին կալանավորել: Այդ մասին հաղորդել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից կատարվել էր բացառապես երկու գործողություն. 1) Մուտքագրվել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք-պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել Սամվել Կարապետյանին, 2) մերժել Սամվել Կարապետյանի Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը: Մեր փաստաբանական թիմի կողմից ևս ներկայացվել է և դեռևս ներկայացվելու են վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ, սակայն հարց է առաջանում իրավապահ մարմինները, երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի նույնական են, ավելին Սամվել Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել էր հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ բողոքի հիմք, հիմնավորումն ինչպես պետք է ներկայացնեին: Պատասխանն ակնհայտ է, հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա բացառապես ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված...
Քաղաքական հետապնդման կոնկրետ այս աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս: Առաջիկայում կներկայացվեն այս զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…», - գրել է փաստաբանը՝ Facebook-ի իր։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին դատարանը գործարար Կարապետյանի խափանման միջոցը կալանքից փոխել է տնային կալանքի: Գործարարը ձերբակալվել էր հունիսի 18-ին, իսկ ավելի ուշ դատարանը նրան կալանավորել էր՝ Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու պատճառով սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Ավելի ուշ գործարարին նոր մեղադրանք էր առաջադրվել՝ փողերի լվացում։ Հատկանշական է, որ Կարապետյանի կալանավորմանը նախորդել էին նրա հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումներ, որոնք իրավաբանները գնահատում են որպես հետաքննությանն ու իրավապահ գործունեությանն ուղղակի միջամտության փորձ: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից, փաստացի, խլել են "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության կառավարման գործառույթները ՝ կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։