


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայրապետական տնօրինությամբ պաշտոնից հեռացված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ:
«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն եւ առոչինչ են։
Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ», - գրել է Փաշինյանը սոցցանցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի 2026 թվականի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը», - ասվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը մեկն է այն 10 եպիսկոպոսներից, որոնք ավելի վաղ միացել են Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին գահընկեց անելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Նա նաև 2026 թվականի հունվարի 4-ի երեկոյան 9 այլ հերձվածող եպիսկոպոսների հետ իր ստորագրությունն է դրել գործադիր իշխանության ղեկավարի նախապատրաստած Հայ Առաքելական Եկեղեցու, այսպես կոչված, "բարենորոգման ճանապարհային քարտեզի" ներքո։



