Շփման գծում իրավիճակի սրումը և ծանր սպառազինության կիրառումն անընդունելի են, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նա նշել է, որ նման միջադեպերը չեն համապատասխանում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գծով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին: Ընդ որում նա կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը: Քիրբին նաև տեղեկացրել է, որ այս ամիս ԵԱՀԿ ՄԽ հանդիպումներ կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Հավելենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը: Մասնավորապես, դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: Դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /39 արկ/, 82 /230 արկ/, 120 /37 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /4 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2700 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /7 արկ/: