


ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը հատուկ ճեպազրույց է անցկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ` Լեռնային Ղարաբաղում ազատությանը և ժողովրդավարացմանը նվիրված միջոցառումների շրջանակում:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, ճեպազրույցի ընթացքում Ռոյսը, դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, մասնավորապես, հայտարարել է. «Ինչու՟ դիպուկահարները չեն հեռացվում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծից, ինչու՟ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը չեն հետաքննվում»: Նա նաև ընդգծել է, որ գործը հասել է այն բանին, որ Ադրբեջանն սկսել է տանկերից ականակոծել հայկական դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 24-ամյա Գարիկ Ավանեսյանը: Ընդ որում կոնգրեսականը հույս է հայտնել, որ մեկ օր կհաջողվի խաղաղություն հաստատել ղարաբաղյան հակամարտության գոտում և հասնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բարգավաճման, հարևանների հետ առևտրային հարաբերությունների հաստատման:
Նշենք, որ ավելի վաղ Ռոյսի նախաձեռնությամբ կոնգրեսականները դիմել էին Ջեյմս Ուորլիքին դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, շփման գծում ԵԱՀԿ դիտարկումներն ավելացնելու և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթով` ավելի քան 80 կոնգրեսականների ստորագրությամբ:



