
Արմինֆո. Անհասկանալի է մնում, թե "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը որտեղից է թվեր վերցրել ամանորյա անջատումների մասին: Այդ մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նրա ասելով՝ այն թվերը, որոնք Պետրոսյանը ներկայացրել է սոցիալական ցանցերի իր էջում, չեն համապատասխանում իրականությանը: Եթե անդրադառնանք բացառապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում պահպանված թվերին, ապա կարող ենք հանգել հետեւության, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ցանցերում գրանցվել է 15 վթար ՝ 6750 բաժանորդի անջատմամբ։ Հաջորդ օրվա ժամը 12:00-ի դրությամբ այդ թիվը կրճատվել է մինչև 261 բաժանորդ: 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն գրանցվել է 120 վթար ՝ 117 հազար բաժանորդի անջատմամբ, ընդ որում, հաջորդ օրվա ժամը 12:00-ի դրությամբ այդ թիվը հասել է 13399 բաժանորդի։ Այս տվյալները, Ղազինյանի դիտարկմամբ, վկայում են այն մասին, որ ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը կեղծ տեղեկություններ է ներկայացրել:
Նշենք, որ ավելի վաղ ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հաղորդել էր, որ 2024 թվականին Ամանորն առանց լույսի է դիմավորել է 32 հազար մարդ, իսկ 2025 թվականին՝ 9200:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ցանցերի նախկին ղեկավարությունը թալանել է բառացիորեն բոլոր քաղաքացիներին, Ղազինյանը հայտարարել է, որ "նման հայտարարությունը մեկնաբանելը, պարզապես, մառազմ է": Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իշխանությունները հայտարարում են բազմաթիվ քրեական գործերի մասին, սակայն դրանց վերաբերյալ մինչ օրս որևէ նորություն չկա։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ը նոյեմբերի 17-ին իր որոշմամբ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էր էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից: Հունիսի 18-ին իրավապահ մարմինները ձերբակալել էին, ապա դատարանը կալանավորել է խոշոր գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Հետագայում ազատազրկումը փոխարինվել է տնային կալանքով։ Կարապետյանի քրեական հետապնդումը տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, հարցազրույցում հայտարարել է․ "Մենք մեր ձեւով կմիջամտենք", եթե քաղաքական գործիչները չկարողանան կատարել այդ գործառույթը: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից, փաստացի, խլել են ՀԷՑ-ի կառավարումը ՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին: