
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկա և հաջորդող բոլոր կիրակիներին մասնակցել սուրբ և անմահ պատարագին: Ընդ որում, նա կմասնակցի պատարագներին այն եկեղեցիներում, որտեղ հոգևորականները նախապես համաձայնություն կտան ժամերգության ժամանակ չնշել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը:
"Հիմնականում, նախապես չեմ տեղեկացնի, թե հատկապես որ եկեղեցում եմ մասնակցելու ժամերգությանը, քանի որ, կարծում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման կողմնակիցները պետք է բոլոր եկեղեցիներում մասնակցեն պատարագներին և քրիստոնեական սիրով խոսեն, համոզեն սուրբ և անմահ պատարագ մատուցող քահանաներին՝ չհիշատակել Կտրիճ Ներսիսյանի անունը", - այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հաղորդել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ տարբեր քաղաքացիներ իրեն հրավիրում են մասնակցելու իրենց բնակավայրերի եկեղեցիներում մատուցվող պատարագին:
Փաշինյանը պատրաստ է ընդունել հրավերը, բայց՝ պայմանով, որ քաղաքացիները նախապես "քրիստոնեական սիրով, հանդուրժողականությամբ և համոզչությամբ" համաձայնեցնեն քահանայի հետ՝ պատարագի ժամանակ Գարեգին Բ-ի անվան հիշատակումը բացառելը:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը 10 ապստամբ եպիսկոպոսների հետ ստորագրել է Հայ Առաքելական Եկեղեցու, այսպես կոչված, "բարենորոգման ճանապարհային քարտեզը": Դեռ դեկտեմբերի 8-ին նա հայտարարել էր, այսպես կոչված, "Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ) հեռանալուց հետո ՀԱԵ-ի թարմացման ճանապարհային քարտեզի" մասին։ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները եկեկ են վարչապետի նստավայր և հերթով դրել իրենց ստորագրությունները: Խռովարար տասնյակից երկուսը հեռակա կարգով են տվել իրենց համաձայնությունը։
Փաստաթուղթը պարունակում է հետևյալ կետերը․
1. Բարեփոխումների ծրագրի հրապարակային հայտարարություն;
2. Եկեղեցու գործող ղեկավարի հեռացում;
3. Պատրիարքական աթոռի տեղապահի ընտրություն;
4. Եկեղեցու կանոնադրության ընդունում, որը պետք է հաստատի « սահմանված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականության պատշաճ վարքագծի ապահովման մեխանիզմներ»;
5. Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն՝ «սահմանված ընթացակարգին համապատասխան»:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցին անջատ է պետությունից և ունի հատուկ առաքելություն: