
Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականը հստակ էր` ճիշտ շեշտադրումներով: Դեկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Դիտորդները որոշակիորեն նշել են այն թերությունները, որոնք արձանագրվել են հանրաքվեի ընթացքում, բոլոր այն կեղծարարական տեխնոլոգիաները, որոնք իշխանություններն օգտագործում են` սկսած 1995 թվականից: Կարծում եմ, որ հանրաքվեի գնահատականը շատ ավելի հստակ էր և որոշակի, քանի ավելի վաղ միջազգային դիտորդների երբևէ հրապարակած գնահատականները», - ընդգծել է Ալավերդյանը:
Անդրադառնալով բուն հանրաքվեին` Հայաստանի առաջին օմբուդսմենը նշել է, որ տոոկոսային հարաբերակցությունը, որով սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները հաղթել են, հարուցում է մի շարք հարցեր և տարակուսանք, անհասկանալի է նաև իշխանությունների խաղն այդ տոկոսներով:
«Ունենալով բավականին մեծ շրջապատ և իմանալով նոր սահմանադրության նկատմամբ բոլորի վերաբերմունքը` կասկածանքով եմ վերաբերվում «Ոչի» նկատմամբ «Այոյի» կրկնակի չափով հաղթանակին: Այս օրերին անցկացված հարցումների համաձայն, հայ հասարակությունն անվստահությամբ է վերաբերվում այդ արդյունքներին: Եվ իշխանությունները պետք է աշխատեն այդ ուղղությամբ, քաղաքական գործիչը պետք է զգա հասարակության տրամադրությունը, այլապես կարելի է բախվել մի շարք խնդիրների: Այո, այդ քվեարկությունն օրինական էր, սակայն ոչ լեգիտիմ, քանի որ չի ապահովվել դրա արդյունքի նկատմամբ հասարակության վստահությունը», - կարծում է իրավապաշտպանը:
Նա նաև նշել է, որ կառավարող ՀՀԿ շարքերում շատերը հանրաքվեի արդյունքն ընկալել են որպես հերթական հաղթանակ, ինչն ինքնին ճիշտ չէ, քանի որ այնքան ժամանակ, քանի դեռ փողոցում հարցման ենթարկված 10 քաղաքացիներից գոնե 4-5-ը վստահություն չեն հայտնի հանրաքվեի արդյունքներին, դա չի կարելի համարել հաղթանակ: Նրա ասելով, քաղաքական գործիչների նման հայտարարություններից ոչ թե միամտության, այլ քամահրանքի հոտ է փչում: Միևնույն ժամանակ, խոսելով սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մասին, Ալավերդյանը նշել է, որ ինքը կողմնակից է երկրում արմատական փոփոխությունների, սակայն` ոչ ուժային ճանապարհով:
«Ուժային ճանապարհն արդյունավետ չէ և տանում է չարդարացված զոհերի, ինչն անընդունելի է: Մեր հասարակության շրջանում հասունացել է արմատական փոփոխությունների շրջանը` ինչպես վերնախավում, այնպես էլ կառավարման քաղաքական համակարգում: Ես մեր ընդդիմադիր ուժերին կոչ եմ անում ձեռնպահ մնալ պայքարի ուժային եղանակներից», - նշել է առաջին օմբուդսմենը: Ընդ որում նա բոլորին կոչ է արել միանալ օրենսդրության մշակման գործընթացներին:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է ընտրողների 63,35 տոկոսը (825851 ընտրող), «Ոչ»՝ 32,35 տոկոսը (421600 ընտրող): Հանրաքվեին, նախնական տվյալներով, ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվել, մասնակցել է 1 303 466 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: Մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Ինչպես նշել է «Ոչի» շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը, կեղծիքների ծավալը հասել է մոտ 500 հազար ձայնի: Նրա ասելով, տեղի են ունեցել քվեաթերթիկների լցոնումներ, կրկնակի քվեարկոթւյուն, ճնշում է գործադրվել ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ: