


Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է սահմանադրական հանրաքվեին, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում:
«Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով», - հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` 2rd.am կայքում հրապարակված մեկնաբանությունում:


