


Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ դատապարտել է ԱՄՆ պաշտոնյաների միջամտությունն ու երեսպաշտական հայտարարությունները Իրանում տեղի ունեցող ներքին իրադարձությունների վերաբերյալ՝ դրանք անվանելով ԱՄՆ վարչակազմի կողմից Իրանի մեծ ազգի նկատմամբ շարունակական թշնամանքի հստակ ապացույց։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այս դիրքորոշումը չի ընդունվում իրանական ժողովրդի նկատմամբ համակրանքից ելնելով, այլ Իրանի ներքին գործերին առավելագույն ճնշման, սպառնալիքների և միջամտության քաղաքականության շարունակությունն է՝ բռնություն և ահաբեկչություն հրահրելու, ինչպես նաև երկրում անկարգություններ և անկայունություն ստեղծելու նպատակով»։
Փաստաթղթի մեկ այլ մասում նշվում է, որ Իսլամական Հանրապետությունը «ճանաչում է խաղաղ բողոքի ցույցերը» և չի խնայի ամեն ջանք՝ օրենքի շրջանակներում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։
Արտգործնախարարությունը, ընդգծելով տնտեսական դժվարությունները մեղմելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը, նշել է, որ այդ խնդիրների զգալի մասը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ տնտեսական և ֆինանսական պատերազմով՝ անօրինական և անմարդկային պատժամիջոցների տեսքով։



