
Արմինֆո. Հայաստանի արդարադատության նախարարությունը հերքել է թուրքական OdaTV լրատվամիջոցի պնդումը, թե, իբր, "պատմական որոշում" է կայացվել, և "հայ ժողովուրդը" հրաժարվում է Սահմանադրությունից ։
«Առանձին անդրադարձ չկատարելով հրապարակման յուրաքանչյուր կետին՝ հայտնում ենք, որ Նոր Սահմանադրության վերաբերյալ այդ հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ խեղաթյուրում է Նոր Սահմանադրության հնարավոր փոփոխությունները:
Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով, որ նոր Սահմանադրության մշակման գործընթացն իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից, պարզաբանում ենք գործընթացի բոլոր մանրամասները:
Ներկայում գործում է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը բաղկացած է օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Խորհուրդը գլխավորում է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Խորհուրդն աշխատում է համակարգված և մանրակրկիտ՝ քննարկելով Սահմանադրության յուրաքանչյուր գլխում առաջարկվող փոփոխությունները: Նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր առաջարկված փոփոխություն լինի հիմնավորված, հաշվի առնվեն մասնագիտական կարծիքները, ինչպես նաև հասարակական և քաղաքական շահերի լայն տեսանկյունը:
Տեղեկացնում ենք, որ Խորհրդի քննարկումները, առաջարկությունները և ընդունված որոշումները դեռևս չեն հանդիսանում նոր Սահմանադրության տեքստը: Ամեն ինչ կախված է ժողովրդի վերջնական որոշումից, որը տեղի կունենա հանրաքվեի միջոցով: Սահմանադրության ցանկացած փոփոխություն կկատարվի միայն այն դեպքում, եթե հանրաքվեով կհաստատվի նոր Սահմանադրություն ընդունելու հարցը:
Այս գործընթացն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական սկզբունքների պահպանումը և ընդգծում է, որ վերջնական խոսքը պատկանում է միայն ժողովրդին:
Արդարադատության նախարարությունը կոչ է անում լրատվամիջոցներին և հանրությանը հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա և զերծ մնալ անհիմն ենթադրություններից, քանի որ նոր Սահմանադրության բարեփոխումների գործընթացը բաց է և գտնվում է բոլորի տեսադաշտում: Նշենք, որ նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի կդրվի համապետական ընտրություններից հետո:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից կայացված նիստերի, քննարկվող թեմաների վերաբերյալ Արդարադատության նախարարությունն իրականացնում է իրազեկում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում հետևել միայն նախարարության կողմից հրապարակվող պաշտոնական հաղորդագրություններին», - ասվում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրին անհրաժեշտ է նոր ՀՀ սահմանադրություն, որը Հանրապետությունն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում ։ Իսկ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո: Երկրի ընդդիմադիր ուժերը, մինչդեռ, համոզված են, որ նախաձեռնությունը գալիս է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումները, որտեղ հիշատակումներ կան Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման վերաբերյալ: Խնդրահարույց է համարվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Օգոստոսի վերջին Հայաստանի արդարադատության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027 թվականին: