


Արմինֆո. ԶԼՄ-ներում հակասական տեղեկություններ են տարածվում Իրանում տիրող իրավիճակի մասին՝ ազգային արժույթի արժեզրկման ֆոնին երկրում սկսված զանգվածային բողոքի ակցիաների առնչությամբ։ Այդ մասին գրում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը: "Արևմտյան աղբյուրներից հակասական տեղեկություններ են ստացվում այն մասին, որ առավելապես քրդական Իլամ շրջանը ժամանակավորապես անցել է ցուցարարների վերահսկողության տակ, վերջիններս առաջին անգամ են զենքի հասանելիություն ստացել։ Այս տեղեկությունը հերքել են իրանական պաշտոնական լրատվամիջոցները", - տելեգրամյան ալիքի իր էջում արձանագրել է փորձագետը։
Նրա խոսքով՝ հաղորդվում է Իրանի երկնքում Starlink արբանյակների հայտնվելու մասին ՝ ռեժիմի կողմից կապի անջատումների ֆոնին ինտերնետի հասանելիություն ապահովելու համար: "Այսպես, օրինակ, Սարի քաղաքում (Մազանդարան նահանգի վարչական կենտրոն) գիշերը իսկական փողոցային մարտեր են ընթացել, որոշ տեղեկությունների համաձայն, ուժայինները զենք են կիրառել ամբոխի ուղղությամբ, իսկ բազմաթիվ կարգախոսներից հետո արցունքաբեր գազ են կիրառել։ Արևմտյան ԶԼՄ-ներից ստացված տեղեկատվության համաձայն, Իրանի աջակցությունը վայելող իրաքյան զինված կազմավորումներն սկսել են մարտիկների հավաքագրում՝ Իրանում բողոքի ակցիաները ճնշելու հարցում իրավապահ մարմինների դիրքերն ուժեղացնելու նպատակով", - նշել է Բաղդասարովը։
Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հանդես է եկել կոշտ պաշտոնական հայտարարությամբ՝ ի պատասխան սպառնալիքների սրման և երկրի ներքին գործերին միջամտության:
Բաղդասարովը նաև պատմել է, որ Իրանի իշխանություններն, առնվազն, 1000 մարդու են ձերբակալել՝ դեկտեմբերի 28-ին երկրում բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր: Human Rights Activists in Iran (HRAI) կազմակերպության տվյալներով ՝ այսօրվա դրությամբ ձերբակալվել է, առնվազն, 2059 մարդ, 36-ն սպանվել են, ցույցերն արդեն 92 քաղաք են ընդգրկել:



