


Արմինֆո. Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի զարգացման հարցերով պետական նախարար բարոնուհի Ջենի Չեփմանի հայտարարության մեջ։
"Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրաիրավական դաշտին, կպահպանվեն պատշաճ իրավական ընթացակարգերը, և կապահովվի բոլոր անձանց նկատմամբ արդար վերաբերմունք՝ օրենքին համապատասխան, ինչպես նաև՝ դատական գործընթացների թափանցիկությունն ու անկողմնակալությունը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատակամորեն հանձնառու է ողջ աշխարհում կրոնի և համոզմունքների ազատության իրավունքի խթանմանն ու պաշտպանությանը", - նշել է նա ՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք բրիտանական կողմը Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկել է երկրում հոգևորականների կալանավորումը, և՝ թե որքանով է դա համապատասխանում Հայաստանում կրոնական ազատության ապահովմանը։
Չեփմանը հավաստիացրել է, որ բրիտանացի նախարարներն ու պաշտոնատար անձինք հայ գործընկերների հետ պարբերաբար քննարկել են մի շարք հարցեր:
Նշենք, որ Հայաստանի իշխանություններն այս տարվա մայիսից հակաեկեղեցական ակտիվ քաղաքականություն են վարում և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այսօրվա դրությամբ արդեն 4 բարձրաստիճան հոգևորական կալանաավորված է մտացածին մեղադրանքներով՝ հակաեկեղեցական արշավի շրջանակում։



