
Արմինֆո.
Երեւան։ 25.12․25։ ԱրմԻնֆո։ Ալինե Գրիգորյան։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ Երևանում՝ Արցախի ներկայացուցչության դահլիճում, կայացել է «Արցախ․ Վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքի երկրորդ հատորի շնորհանդեսը։
ՀՅԴ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում հիշեցվում է,
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Համազգայինի Հայաստանի և Արցախի գրասենյակները նախաձեռնեցին այդ կարևոր հրատարակությունը՝ նպատակ ունենալով պատկերագրքի տարածման միջոցով աշխարհի ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ Արցախում վտանգված է հայկական մշակութային հետքը։
«Արցախ․ Վտանգված ժառանգություն» պատկերագիրքը կազմվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Քորթոշյանի կողմից՝ հիմնվելով հստակ փաստերի և մասնագիտական ուսումնասիրությունների վրա։ Այն նպատակ ունի փաստարկված պատասխաններ տալու Ադրբեջանի կեղծ քարոզչությանը։
Շնորհանդեսը բացվել է Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով։ Նա նշել է․ «Գուցե ժամանակին մենք ըստ արժանվույն չենք հակադարձել Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, երբ նա տարիներ ի վեր փորձում էր աշխարհին ապացուցել, թե Արցախում հայկական հետք չկա։ Բայց այսօր իրավունք չունենք այդ հարցում թերանալու։ Արցախում ոչնչացման վտանգի տակ են բազմաթիվ հնամյա եկեղեցիներ և պատմական հուշարձաններ։ Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացնել նոր ցեղասպանություն։ Ոչ ոք չի սաստում և չի բռնում նրա ձեռքը։ Այս պատկերագիրքը գուցե փոքր, բայց շատ կարևոր քայլ է՝ հակազդելու մեր հարևանների նկրտումներին և մեր մշակութային արժեքները աշխարհին ցույց տալու համար»։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձել է արցախահայության հավաքական վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հիմնախնդիրներին, ընդգծելով, որ նման գրքերի լույս ընծայումն ու տարածումն այսօր, առավել քան երբևէ, կարևոր են՝ միջազգային դիվանագետների հետ փաստարկներով խոսելու համար։
«Ի տարբերություն ՀՀ ներկա իշխանությունների, որոնք կարծում են, թե Արցախի հարցը փակված է, մենք շեշտում ենք` դա այդպես չէ։ Արցախում մշակութային ցեղասպանության իրողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակամարտությունը գոյություն ունի և լուծված չէ։ Քանի դեռ ժառանգության պահպանման հարց կա, մենք պարտավոր ենք միջազգային բարձր հարթակներում շարունակաբար բարձրաձայնել և հետապնդել այն։ Այդ նպատակին են ծառայում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները և նրա ուղեկից կառույցները, այդ թվում՝ Համազգայինը»,- նշել է Ռուստամյանը։
Ելույթներով հանդես են եկել նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, պատկերագրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանը, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի ամռանը Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր 7 - րդ զեկույցում ահազանգում էր Ադրբեջանի կողմից ԼՂՀ գրավյալ տարածքներում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի 75% - ով, և որպես վտանգված դասակարգված օբյեկտների թվի 29% - ով ավելացման մասին։ Ինչպես տեղեկացրել է Արցախի մշակութային ժառանգության Օմբուդսմենը, 2020 թվականի լայնածավալ պատերազմի ընթացքում և դրանից հետո, որը սանձազերծվել է թուրքադրբեջանական տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, ինչպես նաև Արցախի ամբողջական օկուպացիայի և նրա ողջ բնակչության բռնի տեղահանման արդյունքում, փաստագրվել է վանդալիզմի ավելի քան 800 դեպք: Նա համոզմունք է հայտնել, որ սա պատմության մեջ երբևէ գրանցված ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է։
Նշենք, որ Ադրբեջանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում ոչ միայն Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման ուղղությամբ, այլև փոխում է գրավյալ տարածքների ճարտարապետական տեսքը՝ ջնջելով հայկական հետքն այդ տարածաշրջանում: