Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը ի գիտություն է ընդունել հանրաքվեի նախնական արդյունքները և որոշ ընդդիմադիր առաջնորդների ու անկախ դիտորդների արտահայտած մտահոգությունները: Այդ մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Ազատության՚ խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
«Մենք իշխանություններին ընտրակեղծիքների վերաբերյալ պնդումների լիարժեք քննության կոչ ենք անում, որպեսզի հանրաքվեի գործընթացը արժանահավատ լինի՚, - իր գրավոր մեկնաբանության մեջ նշել է Սվիտալսկին՝ շարունակելով․ - «Այժմ կարևոր է կիրառել նոր սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների և հակակշիռների նոր մեխանիզմները և փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա՚:
Եվրամիության դեսպանն ընդգծում է նաև, որ Հայաստանը կարիք ունի ընդունելու նոր Ընտրական օրենսգիրք՝ «ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, ներառական կերպով և հերթական խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլից մեկ տարի առաջ՚:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է 825851 ընտրող կամ ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 421600 ընտրող կամ` 32,35 տոկոսը: Մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծվել են: «Ոչի» շտաբի ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է, որ կեղծիքների ծավալը հասել է 500 հազար ձայնի: