


ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հայտարարությամբ:
ՙԳոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ: Նոր սահմանադրությունից բխող կառավարման համակարգի փոփոխությունը զգալի է: Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ: Մենք կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ քննություն: Այս հարցերին պետք է լուծում տալ հիմա, ինչպես նաև կառավարության և ազգային ժողովի կողմից նոր ընտրական օրենսգրքի ձևավորման ընթացքում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ և ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում՚,- ասված է ԱՄՆ դեսպանության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է 825851 ընտրող կամ ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 421600 ընտրող կամ` 32,35 տոկոսը: Մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծվել են: «Ոչի» շտաբի ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է, որ կեղծիքների ծավալը հասել է 500 հազար ձայնի:



