


Արմինֆո. "Սիսական" ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին (առավել հայտնի է "Աշոտ Երկաթ" մականվամբ) Սիսիանի ոստիկանական բաժանմունքից տեղափոխել են "Վարդաշեն" քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Քիչ առաջ Սիսիանի ոստիկանության բաժնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:
Հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք չեն հանդուրժվում հայրենասերները՝ զանազան շինծու մեղադրանքներով հայտնվելով բանտերում:
Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է, թե որքան ցավ է ապրում Արցախի կորստի համար: Եվ հիմա փորձում են ինչ-որ ապօրինի զենքի մեղադրանքով արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած, «Երկաթ» անվանումը ստացած հրամանատարին զրկել ազատությունից:
«Սիսական» ջոկատի հրամանատարն այն բացառիկ սիրված կերպարներից է, որի հերոսականության մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել երգեր:
Հրամանատարն ինքն էլ գրում է բանաստեղծություններ: Ինչպես ինքն է սիրում ասել. «մենք կոտրվող չենք, սյունեցին՝ առավել ևս…»: Ազատությու՛ն լեգենդար հրամանատարին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին», - գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Աշոտ Մինասյանը դատարանի որոշմամբ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, իբր, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, զենք է ձեռք բերել, փոխադրել և պահել Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող իր տիրապետման և օգտագործման տակ գտնվող շենքում: Աշոտ Մինասյանը լեգենդար "Սիսական" ջոկատի հրամանատարն է, ով անգնահատելի ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հաղթանակներում: Ինքը մեղքը չի ընդունում։ Ընդդիմադիրները հակված են կարծելու, որ Մինասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում իր հայրենասիրական հայացքների համար։



