
Արմինֆո. «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել ադրբեջանական բենզինը։
«Բոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների։
Վարչախումբը որպես մեռելածին «խաղաղության օրակարգի» պատմական ձեռքբերում է ներկայացնում թշնամական Ադրբեջանից մոտ 600 տոննա բենզինի մուտքը Հայաստան: Այն գնել է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերությունը և այսօրվանից սկսել է իրացնել հայաստանյան շուկայում:
Կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և ավտոմեքենաները չլիցքավորել RAN Oil բենզալցակայաններում, քանի որ դրանցում վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Բաքվի բռնապետ Ալիևը վաճառում է մեզ՝ փորձելով պատրանք ստեղծել, թե իբր խաղաղություն է ցանկանում։ Իրականում բռնապետ Ալիևը մեծ քանակի սպառազինություն է կուտակում, բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին և պատրաստվում նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։
Գնելով նրա բենզինը՝ մենք նրան ավելի շատ զենք ձեռք բերելու և Հայաստանի վրա ավելի շուտ հարձակվելու հնարավորություն ենք տալիս։
Մեր հազարավոր նահատակների արյունը մեզ համար շատ ավելի թանկ է, անգին, քան թշնամուց ներկրված վառելիքը:
Բոյկոտենք RAN OIL բենզալցակայանները։ Թույլ չտանք, որ մեր գումարով գնված ադրբեջանական բենզինը փոխակերպվի մեր դեմ ուղղված հրանոթների», - ասվում է նախաձեռնության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված առաջին գնացքը: Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն, Հայաստանին է մատակարարվել 22 վագոն բենզին։ Շատ փորձագետներ հակված են կարծելու, որ նման քայլն ուղղված է ոչ թե ապրանքների տարանցման շրջափակումը վերացնելուն, այլ՝ երկրների միջև խաղաղության ձեռք բերման ցուցադրությանը՝ 2026 թվականին Հայաստանում կայանալիք ընտրություններին ընդառաջ։