
Արմինֆո. ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել "Հայաստանի հետ անվտանգության ոլորտում գործընկերության մասին օրենք" երկկուսակցական օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամուլի ծառայությունը, օրինագծի ակտիվ առաջխաղացումը "Հայ Դատի" աշխատանքի արդյունքն է:
Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել Ադրբեջանի նկատմամբ 907 ուղղման սահմանափակումներն այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևի ռեժիմը Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանն ուղղված հստակ և չափելի քայլեր չի ձեռնարկել:
Այդ քայլերը ներառում են․ բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում; Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերում; Արցախի հայերի վերադարձի իրավունքի իրացում և հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ապահովում։
Վաշինգտոնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ օրինագիծը վերջ կդնի Ադրբեջանի շարունակական ագրեսիան խրախուսելու քաղաքականությանը և ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ կամրագրի խաղաղության և պատասխանատվության որոշակի չափորոշիչներ:
Օրինագիծը նաև նախատեսում է անվտանգության ոլորտում Հայաստանին ամերիկյան օգնության համակողմանի վերանայում՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու զսպումը, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները:
"Հայաստանի հետ անվտանգության ոլորտում գործընկերության մասին օրենքի" համահեղինակներն են կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոնը և այլոք: Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին օրինագիծը լայն երկկուսակցական աջակցություն կստանա:
Օրինագծի ներկայացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերականգնմանն ուղղված ջանքերի ֆոնին՝ չնայած Արցախի լիակատար հայաթափմանը, հայ բանտարկյալների առկայությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը, միջազգային իրավունքի շարունակական խախտումներին և այլն: