


Արմինֆո. Այս կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնականապես «լուծել» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարցը և արդեն ցուցումներ է տվել իրավապահ մարմիններին այդ առնչությամբ: Այա մասին հաղորդում է 24News-ը՝ հղում անելով սեփական տեղեկություններին։
«Այսպես, այդ սցենարի համաձայն, նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։ Ընդ որում, մեր տեղեկությունների համաձայն, քննարկվում են այս խնդրին հասնելու ամենատարբեր սցենարներ, այդ թվում և Ամենայն Հայոց կաթողիկոսին կալանավորելու հնարավորությունը», - գրում է գործակալությունը։
Նաեւ նշվում է, որ 24News-ի զրուցակիցը պնդել է, որ ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 28-ին «հաջողության» հասնելու համար հնարավոր է, որ ուժայինները մի քանի օր առաջ սկսեն գործողություններ՝ փակեն Մայր Աթոռի տարածքը, խուզարկություններ իրականացնեն, տարբեր պատրվակներով ձերբակալեն Վեհափառին հավատարիմ հոգևորականներին։ «Մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում», - հաղորդում է ԶԼՄ-ը։
Հիշեցնենք, որ եթե ավելի վաղ Փաշինյանը միայն բարձրացնում էր այն հարցը, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, ինչի պատճառով պետք է հեռանա, ապա այժմ Հայաստանի վարչապետը հայտարարում է Գարեգին Բ-ի հեռանալու անայլընտրանք լինելու և «ողջ Հայ Առաքելական Եկեղեցին թարմացնելու» անհրաժեշտության մասին։ Նման «ճանապարհային քարտեզով» նա հանդես է եկել վերջերս, նշելով, որ եթե Եկեղեցին դժվարություններ ունենա այդ հարցում, ապա վարչապետի աշխատակազմը պատրաստ է աջակցել Հայ Առաքելական Եկեղեցուն այդ հարցում։


