


Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստան չմեկնելու որոշումը Մոսկվայի համար անակնկալ չէր: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Մենք միանգամայն ըմբռնումով ենք մոտենում։ Իսկապես, բոլոր պետությունների ղեկավարները շատ լարված ժամանակացույց ունեն, առավել եւս՝ դեկտեմբերին ՝ Ամանորի նախաշեմին", - ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «ԱիՖ»-ը։
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել գործընկերային հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը, հաղորդել էին, որ Ադրբեջանի նախագահը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին ՝ ժամանակացույցի ծանրաբեռնվածության պատճառով:
Հավելենք, որ Պեսկովը նախօրեին հաղորդել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին հանդիպումներ անցկացնելու Պուտինի ծրագրերի մասին: Այսօր Կրեմլում հաստատել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ վարելու ՌԴ նախագահի մտադրությունը:



