


Արմինֆո. Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։
Երևանի մետրոպոլիտենի հաղորդագրության համաձայն, կառավարության ֆինանսավորմամբ, 600 միլիոն դրամի ներդրման շրջանակում, որի առաջին փուլով՝ 2025 թվականի ընթացքում 170 միլիոն դրամի չափով, ամբողջությամբ փոխարինվել է Երևանի մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի ղեկավարման հին վահանակը, որը գործում էր 80-ականների վերջերից և այլևս չէր համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին։
Կարգավարական կենտրոնը մետրոպոլիտենի «ուղեղն» է, որտեղից իրականացվում է գնացքների շարժի օպերատիվ կառավարումն ու վերահսկումը ողջ գծի երկայնքով՝ ներառյալ երթևեկության անվտանգության ապահովումը, միջակայքերի և ժամանակացույցերի կարգավորումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արագ արձագանքը։
Ծրագրով նախատեսվում է փուլ առ փուլ արդիականացնել մետրոպոլիտենի բոլոր կարգավարական և կառավարման կենտրոնները, ինչը կբարձրացնի երթևեկության կառավարման արդյունավետությունն ու մետրոպոլիտենի շահագործման անվտանգության ընդհանուր մակարդակը։
Մետրոպոլիտենի կոմունիկացիոն ծառայության ղեկավար Արթուր Սերոբյանը կարգավարական կենտրոնում գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանին ներկայացրեց նոր վահանակի հնարավորությունները և աշխատանքային հետագա փուլերի ժամանակացույցը։



