
Արմինֆո. Վրթանես քահանա Բաղալյանին, ում նախօրեին հոսպիտալացրել էին Էջմիածնում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, ստենտավորում են կատարել, նրա վիճակը գնահատվում է կայուն։ Այդ մասին հաղորդում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։
«2025 թ. դեկտեմբերի 18-ին՝ մոտավորապես ժամը 19:00-ի սահմաններում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված լարված իրավիճակի ընթացքում վատացել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, ինչի հետևանքով նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մաստերմեդ» բժշկական կենտրոն։
Բժիշկների տեղեկացմամբ՝ պացիենտը տեղափոխվել է «սրտամկանի սուր ինֆարկտ, կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ։ Կատարվել են անհրաժեշտ ինտենսիվ թերապիայի միջամտություններ, կորոնարոգրաֆիա, և բժշկական ցուցումով իրականացվել է համապատասխան միջամտություն՝ ստենտավորում։
Ներկայումս Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, գիտակցության մեջ է, և վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական թիմի գնահատմամբ՝ ակնկալվում է բարենպաստ ընթացք, և այս պահին այլ միջամտությունների կարիք չկա։
Տեսակցությունները ժամանակավորապես սահմանափակված են՝ հաշվի առնելով ինտենսիվ թերապիայի բաժանմունքի կարգը․ հիվանդասենյակ տեղափոխվելու դեպքում տեսակցությունները կկազմակերպվեն սահմանված ժամերին։
Խորհուրդը իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մաստերմեդ» ԲԿ-ի բժշկական թիմին՝ արագ և մասնագիտական աշխատանքի համար, և կոչ է անում հավատավոր մեր ժողովրդին՝ աղոթքով զորակցել Տեր Վրթանես քահանային՝ նրա շուտափույթ ապաքինման համար», - ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հաղորդագրությունում։
Նշենք, որ դեկտեմբերի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցու 10 եպիսկոպոսներ (ավելի վաղ հավատարմության երդում էին տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին) հանդես էին եկել հայտարարությամբ ՝ կոչ անելով հավատացյալներին միանալ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանգստի գնալու պահանջին: Եպիսկոպոսների հայտարարությունը հրապարակվել էր "Հայկական Ժամանակ" օրաթերթում, որը պատկանում է Փաշինյանի ընտանիքին:
Դեկտեմբերի 18-ին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ 10 եպիսկոպոսների հնչեցրած հրավերը "միանգամայն լեգիտիմ է" ։ Նա ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես նաև Վեհափառին սատարած հոգևորականներին անվանել էր աղանդավորներ: Նրա խոսքով ՝ ինքը չի ղեկավարում խռովարար հոգեւորականների գործողությունները, բայց ողջունում է նրանց։
Ժամը 18:00-ին մոտ պառակտիչ եպիսկոպոսները քաղաքացիական հագուստով պահակախմբի ուղեկցությամբ շարժվելլ էին դեպի Մայր Տաճար, որտեղ հավատացյալները նրանց դիմավորել էին "Հուդա, Հուդա"վանկարկումներով։ Այնուհետեւ նրանք հանդես էին եկել կարճ հայտարարությամբ և շտապ լքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքը ԱԱԾ մեծ հատուկ խմբի ուղեկցությամբ ՝ խոստանալով "հաջորդ անգամ աղոթել Մայր տաճարում":