
Արմինֆո. Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակումն ապահովելու համար: Այդ մասին ասվում է X-ում ինստիտուտի հայտարարության մեջ:
"Այդ պատանդները, գործնականում, անտեսված են արտաքին աշխարհի կողմից, չնայած այն հանգամանքին, որ նրանք գտնվում են գերության մեջ մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք անգամ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրագործել։ Նրանց ազատ արձակումը մարդասիրական և աշխարհաքաղաքական խոշոր հաղթանակ կլիներ ԱՄՆ նախագահի համար և կամրապնդեր նրա ջանքերը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ցույց տալ ԱՄՆ-ի ուժը ողջ աշխարհում, Ադրբեջանից հայ քրիստոնյա պատանդներին ազատելու հաջող ջանքերը կամրապնդեն նրա ազդեցությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի և Թուրքիայի վրա՝ ԱՄՆ - ի երկու դաշնակիցների, որոնք սովոր են պոչը շարժել, անկախ այն բանից, թե որքան անօրինական է, անբարոյական է կամ հակասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության երկարաժամկետ շահերին նրանց քաղաքականությունը", - ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ բոլոր հայ պատանդների վերադարձին աջակցությունն ու ապահովումը կընդգծեն նախագահ Թրամփի հայտարարած առաքելությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ և կամրապնդեն ԱՄՆ դիրքերը Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոս: "Թեեւ նախագահ Թրամփը բազմիցս ընդգծել է իր դերը կայունության խթանման և հետագա հակամարտությունների կանխարգելման գործում, այդ առաքելությունը մնում է թույլ այնքան ժամանակ, քանի դեռ անհայտ թվով հայ ռազմագերիներ շարունակում են պահվել Ադրբեջանում: Մենք հիշեցնում ենք նախագահին, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին: Հայ առաքելական քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին: Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին մինչև այդ օրը պատանդներին տուն վերադարձնել՝ նրանց ընտանիքների մոտ", - ասված է Լեմկինի ինստիտուտի ուղերձում։
Հիշեցնենք, որ ներկայումս ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, այդ թվում ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 անձ ։ Գերիների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: