


Արմինֆո. 2020թվականի 44-օրյա պատերազմում, ինչպես նաեւ Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով անհետ կորած հայերի հարազատները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ: Ակցիան կազմակերպել էր "Համահայկական ճակատ" շարժումը:
Շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ անհետ կորածների խնդիրն առաջնային է, քանի որ այն մարդասիրական բնույթ է կրում: "Եվ այսօր խոսել խաղաղության ու պետականության մասին անհնար է, քանի դեռ այդ խնդիրը մնում է չլուծված։ Հայաստանի իշխանությունները բազմիցս մեկնել են Բաքու, սակայն այդպես էլ չեն հասել գերիների ազատ արձակմանը կամ անհետ կորածների մասին տեղեկատվության տրամադրմանը: Դա ստիպում է մտածել, որ Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այդ հարցերը, քանի որ դա իրենց ձեռնտու չէ", - վստահ է շարժման համակարգողը։
Ստեփանյանը հիշեցրել է, որ երկու տարվա ընթացքում շարժումը հարյուրավոր նամակներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի կառավարությանը զգալի գումար է հատկացվել անհետ կորածների հարցը լուծելու համար: Նա, սակայն, համոզմունք է հայտնել, որ այդ միջոցները նպատակային չեն օգտագործվել, քանի որ ամբողջ ընթացքում իշխանությունները որևէ գործողություն չեն ձեռնարկել:
Այդ առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն արձանագրել է, որ երկրի իշխանությունները ոչ միայն քայ չեն ձեռնարկում մարդասիրական այս խնդրի լուծման համար, նաև ակտիվորեն խոչընդոտում են դրան: Ալավերդյանը հիշեցրել է, որ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում մոտ 22 մարդ: Նա հիշեցրել է, որ անհետ կորածների հարցերով զբաղվում Է ՄԱԿ-ի Բռնի անհետացումների կոմիտեն, և վրդովվել է այն փաստից, որ Հայաստանի իշխանությունները չեն դիմել այդ կազմակերպությանը: "Ստացվում է, որ մեր իշխանությունները չեն էլ փորձում դիմել միջազգային կառույցներին, որոնք կարող են օգնել այս հարցում", - հավելել է նա:



