
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ին հերթական նիստում հաստատել է «Բաց կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) նախաձեռնության շրջանակում 2025-2027թթ․ գործողությունների ծրագիրը։
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետությունը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով ապահովել պետական կառավարման թափանցիկություն, հաշվետվողականություն և քաղաքացիների մասնակցություն պետական որոշումների կայացման գործընթացներին։
Նախորդ տարիների ընթացքում իրականացվել են հինգ ազգային գործողությունների ծրագրեր, որոնց միջոցով ձևավորվել են բաց կառավարման մշակույթ և համագործակցային հարաբերություններ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև։ Այս ընթացքում մեկնարկել են մի շարք ռազմավարական բարեփոխումներ՝ ուղղված պետական տվյալների բաց քաղաքականությանը, մասնակցային կառավարմանը, հակակոռուպցիոն վերահսկողությանը և տեղական մասնակցության ինստիտուցիոնալ ամրապնդմանը։
2025 թվականին Հայաստանը ընտրվել է ԲԿԳ ղեկավար կոմիտեի անդամ, ինչը նոր պատասխանատվություն և հնարավորություն է ընձեռում երկրի համար՝ գլոբալ մակարդակով նպաստելու բաց կառավարման արժեքների առաջմղմանը և միջազգային լավագույն փորձի փոխանակմանը։
Գործողությունների ծրագիրը կազմվել է Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում՝ ներառելով բաց կառավարման արժեքներին համահունչ վեց ռազմավարական ուղղություն: Սույն նախագծում ներառվել են հանձնառություններ, որոնք կամ թերի են իրականացվել նախորդ ԲԿԳ 2022-2024թթ. գործողությունների ծրագրով, կամ էլ՝ առհասարակ չեն իրականացվել: Ըստ ԲԿԳ կանոնների մասնակից կառավարությունները թերի կամ անավարտ հանձնառությունները պետք է ավարտին հասցնեն հաջորդ գործողությունների ծրագրում: Հաշվի առնելով հաջորդ տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունները՝ ներկայիս գործուղությունների ծրագիրը ներառում է բացառապես նախկինում չավարտված, կամ չիրականացված հանձնառություններ:
Հանձնառությունները լրամշակվել են և համապատասխանեցվել իրականացնող մարմինների ծրագրերին և ռազմավարություններին համապատասխան: Դրանք հետևյալ նպատակներն են ներառում․ Տվյալների քաղաքականության և կիբեռանվտանգության իրավական հիմքերի ամրապնդում; Մասնակցային կառավարման կատարելագործում պետական մակարդակում; Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրում և իրական շահառուների ինստիտուտի զարգացում; Տեղական մակարդակում հանրային մասնակցության մեխանիզմների ամրապնդում; Նվերների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության թվայնացված ռեեստրի ստեղծում; Արդարադատության համակարգում «e-Court-statistics» թվային գործիքի ներդրում՝ դատական գործընթացների թափանցիկության բարձրացման նպատակով։
ԲԿԳ գործողությունների նոր ծրագիրը հնարավորություն կտա շարունակել պետական կառավարման թվային և մասնակցային բարեփոխումները, ամրապնդել քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ, բարձրացնել պետական քաղաքականությունների հաշվետվողականությունը և ապահովել Հայաստանի ներգրավվածությունն ու առաջնորդությունը բաց կառավարման գլոբալ գործընթացներում։